«Ռայո Վալյեկանո»-«Բարսելոնա»՝ 1:5, Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ
ՍպորտԻսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում առավելության հասավ «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը բացվեց 22-րդ րոպեին, երբ դաշտի տերերի դարպասապահ Խուան Կարլոսի կոպիտ սխալից օգտվեց Իվան Ռակիտիչը: Ընդամենը մեկ րոպե անց Լիոնել Մեսսին կրկնապատկեց կատալոնացիների առավելությունը: Նախքան ընդմիջման գնալը՝ 42-րդ րոպեին, «Ռայո Վալյեկանոն» մնաց 10 հոգով. Ռակիտիչի նկատմամբ կանոնները խախտելու համար խաղադաշտից հեռացվեց Դիեգո Լյորենտեն:


Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Լիոնել Մեսսին խփեց իր թիմի երրորդ գոլը: 57-րդ րոպեին Մանուշուն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում դաշտի տերերն ավելի անել չկարողացան և բաց թողեցին ևս երկու գոլ. հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մեսսին, խաղավարտից 4 րոպե առաջ էլ աչքի ընկավ Արդա Թուրանը: Նշենք նաև, որ 67-րդ րոպեից «Ռայոն» խաղում էր 9 հոգով. հանդիպման գլխավոր մրցավար Ինյակի Վիկանդի Գարիդոն կարմիր քարտ ցույց տվեց նաև Մանուել Իտուրային, իսկ դաշտի տերերի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, որը չկարողացավ իրացնել Լուիս Սուարեսը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով վարձավճարով է «Բեշիքթաշից» տեղափոխվել «Ռայո Վալյեկանո», մադրիդյան թիմի հայտացուցակում էր, սակայն խաղաժամանակ չստացավ:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 69 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցելով 8 միավորով, իսկ «Ռայո Վալյեկանոն» մնաց 26 միավորով և նահանջեց 18-րդ հորիզոնական:
Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր
«Ռայո Վալյեկանո» - «Բարսելոնա»՝ 1:5
Գոլերը՝ Մանուշու 57' - Ռակիտիչ 22', Մեսսի 23', 53', 72', Թուրան 86'
Հեռացումներ՝ Լյորենտե 42', Իտուրա 67'
Չիրացրած 11-մետրանոց՝ Սուարես 69'