«Ժառանգություն»-ը ԸՕ նախագծի վերաբերյալ ներկայացնում է սեփական առաջարկները
Քաղաքական«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց կուսակցության առաջարկները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք շարունակելու են պնդել, որ քվեարկությունից հետո հրապարակվեն ընտրական ցուցակները, քվեարկության ժամանակ կազմակերպվի մատնահետքերով էլեկտրոնային գրանցման գործընթաց, տեսանկահարանվեն բոլոր տեղամասերը:
«Մենք այն կարծիքին ենք, որ ընտրական օրենսգրքի հրապարակված նախագիծն անընդունելի է, և մենք պնդելու ենք, որպեսզի մեր առաջարկներն ընդգրկվեն ընտրական օրենսգրքում: Առանց այդ առաջարկների, օրենսգրքի նախագիծը մեզ համար ընդունելի չէ ու համարում ենք, որ այն ավելի շատ ոչ թե առաջ, այլ հետ քայլ է»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով` ներկայացված նախագծում կան բազմաթիվ թերություններ, որոնցից մեկն էլ տեղամասերում լրագրողների ու դիտորդների թվի սահմանափակումն է: «Անընդունելի է նաև այն դրույթը, թե դիտորդական առաքելությամբ կարող են զբաղվել միայն այն կազմակերպությունները և անձինք, որոնց կհրավիրեն իշխանությունները: Այստեղ բազմաթիվ թերություններ կան և այս տարբերակով նախագիծը մենք չենք կարող ողջունել»,- նշեց Մարտիրոսյանը: