Պերեսը կարող է հեռանալ «Ռեալի» նախագահի պաշտոնից
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է իսպանական «Sport» պարբերականը։
Համաձայն աղբյուրի տեղեկությունների, դա պայմանավորված է թիմի անկայուն խաղով ու երկրպագուների դժգոհությամբ։ Պերեսը կարող է ամռանը արտահերթ նախագահական ընտրություն հրավիրել և այդ պաշտոնում նշանակել իր մտերիմներից մեկին։ Նա մտադիր չէ ամբողջովին հեռանալ «Ռեալից» և նախատեսում է ակումբում որոշիչ դեր կատարել։ Պերեսը նախատեսում է ժամանակավորապես հանձնել նախագահի պաշտոնը իր վստահելի մարդկանցից մեկին, ինչից հետո կփորձի երրորդ անգամ դառնալ իսպանական գրանդի նախագահը։
Հաղորդվում է նաև, որ այդ մարտավարության մեջ որոշիչ դեր կարող է կատարել թիմի արդյունքը Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում երրորդ հորիզոնականում է՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 12 միավորով։ Չեմպիոնների լիգայում թիմը 1/8 եզրափակչի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Ռոմային»։