Գվարդիոլա. «Բավարիան» այժմ իդեալական մարզավիճակում չէ
Սպորտ«Բավարիան» կարող է եւ պարտվել Դորտմունդում, բայց դա չի փոխի իմ կյանքը, ասել է մյունխենյան սուպերակումբի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որն ամռանը տեղափոխվելու է անգլիական «Մանչեսթեր Սիթի»:
«Խաղալու ենք Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկի դեմ: Պարտությունից ոչ ոք երաշխավորված չէ:
«Բավարիան» այժմ իդեալական մարզավիճակում չէ: Երբեմն պետք է պարտվել, որպեսզի հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ թիմն ուժեղացնելու համար:
Ռիբերին գերազանց էր խաղում վերջին հանդիպումներում, բայց նրան դեռ ժամանակ է պետք առավելագույն խաղամակարդակի հասնելու համար:
Նոյերը չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Նոյերը կպաշտպանի «Բավարիայի» պատիվն առաջիկա հինգ, վեց, յոթ, ութ կամ ինը տարիներին, եթե ինքը դա ցանկանա: Հույն ունեմ՝ Նոյերը կարիերան կավարտի մյունխենյան ակումբում:
Հենց «Բորուսիա» - «Բավարիա» դիմակայությունների նման խաղերի համար են դառնում ֆուտբոլիստ: Սա գերազանց գովազդ է գերմանական ֆուտբոլի համար: Ես ուրախ կլինեմ հետագայում վերադառնալ Դորտմունդ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում «Բավարիան» տանը 1:2 հաշվով պարտվել է «Մայնցին» եւ ունի 62 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Բորուսիան» հետ է հինգ միավոր: