Ռոնալդու. 1/4 եզրափակչի ու կիսաեզրափակչի խաղերն ավելի բարդ են լինելու, բայց մենք պատրաստ ենք
Սպորտ«Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ռոմայի» հետ պատասխան խաղի (2:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և գովաբանել է դարպասապահ Կեյլոր Նավասին:
-Գոհ եմ: Մենք կատարեցինք առաջադրանքը՝ դուրս եկանք 1/4 եզրափակիչ: Թիմը լավ խաղաց, բոլորս գոհ ենք: Հասկանում էինք, որ բարդ է լինելու: «Ռոման» հնարավորություններ ունեցավ, կարող էր երկու-երեք անգամ գոլ խփել, բայց մենք ևս գոլային պահեր ստեղծեցինք: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, իսկ ընդմիջումից հետո մենք ավելի լավ հանդես կանք, ավելի սուր խաղացինք և երկու գոլ խփեցինք:
Մրցաշրջանի մեկնարկից Կեյլորն առանցքային դեր է կատարում: Կարծում եմ՝ նա թիմի լավագույն ֆուտբոլիստներից է և բարձրակարգ դարպասապահ: Նա հիանալի է խաղում, նրան արժանին եմ մատուցում:
Կարևոր չէ, թե քառորդ եզրափակչում ում հետ ենք մրցելու: Պարզապես կսպասենք և կիմանանք՝ ով է հաջորդ մրցակիցը: Չեմպիոնների լիգայի ավարտին դեռ շատ կա, իսկ 1/4 եզրափակչի ու կիսաեզրափակչի խաղերն ավելի բարդ են լինելու, բայց մենք պատրաստ ենք,-ասել է Ռոնալդուն: