Վարդան Բոստանջյանը ԲՀԿ-ում խմորումները ինքնամաքրման գործընթաց է համարում
Քաղաքական«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանն այն կարծիքին է, որ կուսակցության ներսում տեղի ունեցող խմորումներն ավելի շատ նման են ինքնամաքրման գործընթացի: Մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Բոստանջյանն ընդգծեց, որ 2012 թ. խորհրդարանական ընտրություններից հետո համամասնական ցուցակով ձևավորվել էր պատգամավորների խումբ, ովքեր տարբեր տեսակետներ ունեին տարբեր հարցերի վերաբերյալ:
«Ժամանակի ընթացքում այս ամենն ավելի է խորացել և հիմա հանգեցրել է տարանջատման գործընթացի: Բայց պետք է ասեմ, որ այն ուժը, որը նախկինում ուներ ԲՀԿ-ն, պահպանվում է, որովհետև այնտեղ կան քաղաքական լուրջ կշիռ ունեցող մարդիկ: Օրինակ՝ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը հազար տղամարդ արժե: Ես կարող եմ ավելի պարզ ասել՝ նա կաշի փոխող չի, ինչպես շատերն են»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Բոստանջյանը:
Նա հավելեց, թե ակնհայտ էր, որ կուսակցության որոշ անդամներ իշխանությունների հետ կոալիցիա կազմելու նպատակ ունեին, ուստի, երբ որոշում կայացվեց, որ ԲՀԿ-ն մինչև 2017թ. խորհրդարանական ընտրություններն ընդդիմադիր կեցվածք է ունենալու, կոալիցիայի նպատակ ունեցողների մոտ հակասություններ պետք է առաջանային:
Բոստանջյանը չբացառեց, որ առաջիկա ընտրություններից հետո կուսակցության համամասնական ցուցակով կարող է հայտնվել խորհրդարանում: Նրա խոսքով, եթե զգա, որ ձևավորված համակարգն աշխատելու է այնպես, որ երկրում առկա խնդիրները հաղթահարվեն, ինքը ցանկություն կունենա այդ համակարգում լինել: