Ներիշխանական կրքեր կամ Ալեքսանյանն ընդդեմ Հովսեփյանի
ՔաղաքականԱյսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում հարցին, թե մենաշնորհների դեմ ինչպե՞ս են պայքարելու, ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանը նշեց. «Շատ մարտական»:
Հովսեփյանն ընդգծել է, որ այդ պայքարի արդյունքները տեսանելի են լինելու մոտ ապագայում: Այս հայտարարությունը, պարզվում է, սովորականների շարքից չէ:
Բանն այն է, որ Orer.am-ի տեղեկություններով՝ ՊԵԿ ղեկավարի ու Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները խիստ լարված են. Հովսեփյանը երբեք չի թաքցրել, որ Ալեքսանյանին տանել չի կարողանում: Բնականաբար, այդ ատելությունը փոխադարձ է և այս երկու գործիչները սկսել են միմյանց դեմ լայնածավալ մարտեր մղել:
Իր նշանակումից հետո ՊԵԿ ղեկավարը իր շրջապատում ակնարկել է, որ լուրջ գործողություններ է ձեռնարկելու Սամվել Ալեքսանյանի դեմ, ինչին ի պատասխան՝ Հովսեփյանի դեմ լրատվական դաշտում աննախադեպ հարձակում է սկսվել: Պարբերաբար մամուլում սկսել են հայտնվել տարաբնույթ կոմպրոմատներ վերջինիս անցյալի և ունեցվածքի մասին:
Թե ինչպիսի ավարտ կունենա այս հակամարտությունը՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու:
Թերեզա Հարությունյան