Ադրբեջանը փորձում է իրավիճակն ապակայունացնել և տարածում է ապատեղեկատվություն. Արծրուն Հովհաննիսյան
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական հերթական սադրանքն ու ապատեղեկատվությունը: Ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը 10-15 զինծառայողի կորուստ է տվել, իրականությանը չի համապատասխանում:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Արցախի պաշտպանության բանակը հստակ ներկայացրել է, որ որևէ կորուստ չունի: Հայաստանի Հանրապետության կողմից ևս կորուստներ չկան: Բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հստակ սադրանքների է դիմում: Մի քանի օր առաջ մենք ներկայացրեցինք, որ իրավիճակն ապակայունացնող գործողություններ են սկսվել ադրբեջանական կողմից: ԼՂՀ պաշտպանության բանակը հստակ թվեր է հայտնել դիվերսիայի փորձի կանխման մասին: Փաստ է, որ հերթական անգամ բարձր օղակի հանդիպումներից առաջ, հետո, ընթացքում ադրբեջանական կողմն իրավիճակն ապակայունացնող քայլեր է ձեռնարկում»,-նշեց նա:
Ավելի վաղ ադբրեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե իբր դիվերսիայի արդյունքում հայկական բանակը 10-15 զինծառայող և ռազմական տեխնիկա է կորցրել: