Տեղերը կարող է «Ժառանգություն» կուսակցությունը զիջել, բայց ՀԱԿ-ի դեպքում զիջման խնդիր չկա. Ն.Փաշինյան
ՔաղաքականԻնչպես հայտնում է Orer.am-ը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով ՀԱԿ-ին ուղղած իր գրության մասին` պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Զիջելու մասին չէ խոսքը, տեղերը կարող է «Ժառանգություն» կուսակցությունը զիջել, բայց ՀԱԿ-ի դեպքում զիջման խնդիր չկա»:
Ըստ պատգամավորի՝ ՀՀ ԸՕ-ն սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումներ կատարում են կա՛մ խմբակցություն ձեւավորած կուսակցությունները, կա՛մ դաշինքի դեպքում նշանակումները կատարում են խմբակցությունները. «Սասուն Միքայելյանի դերն անուրանալի է ՀԱԿ խմբակցության ձեւավորման գործում: Խմբակցության յոթ անդամներից չորսը կողմ են արտահայտվել, որպեսզի այդ որոշումը կայացվի: Ասում են՝ այդ հանձաժողովի տեղերից ինչո՞ւ պետք է մարդկանց հանենք ու Սասուն Միքայելյանի թեկնածուներին ներկայացնենք:
Ուզում եմ ասել, որ այդ հանձնաժողովները ձեւավորված չեն, գոյություն չունեն, որ մենք նրանց հանենք, ուրիշ մարդկանց նշանակենք: Այս պրոցեսը ամսի 18-ին է սկսելու: Այստեղ զիջելու կամ չզիջելու խնդիր չէ»:
Այն հարցին՝ բավականին ջրեր են հոսել, Սասուն Միքայելյանի եւ ՀԱԿ-ի հարաբերություններն այնպիսին են, որ ճի՞շտ է նման հորդորով դիմելը, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ թեպետ ջրերը հոսել են, բայց օրենսդրությունը, այնուամենայնիվ, չի հոսել:
«Հիմա մենք առաջիկայում այդ օրենսդրության հոսքն էլ կտեսնենք, բայց այս պահին օրենսդրությունը չի փոխվել: Ես չեմ խոսում տրամադրությունների մասին, խոսում եմ օրենսդրությունից բխող տրամաբանության մասին: Հարաբերությունների մեջ ոչ մի գաղտնիք չկա, դուք բոլորդ գիտեք՝ ոչ մի գաղտնիք չկա, մենք հիմա հարաբերություններ չենք պարզում այս գրագրությամբ, մենք ընդամենն ասում ենք՝ եկեք այս մի հարցն այսպես լուծենք»,- ասաց նա: