Վենգեր. «Բարսելոնան» ֆավորիտ է, բայց մենք հնարավորություններ ունենք
Սպորտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավատում է, որ իր թիմը կարող է հաջողության հասնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում: Հիշեցնենք, որ առաջին խաղում լոնդոնյան թիմը 0:2 հաշվով պարտություն է կրել:
-Եվրագավաթներում մենք հաղթել ենք Եվրոպայի գրեթե ամբողջ տարածքում, բայց ոչ Բարսելոնայում: Այս գիշեր պետք է ուղղենք դա: «Բարսելոնան», իհարկե, ֆավորիտ է, բայց մենք հնարավորություններ ունենք: Կարծում եմ՝ առաջին խաղում վատ հանդես չենք եկել. պարզապես ընդմիջումից հետո մի փոքր կորցրեցինք զգոնությունը, և մրցակիցը հակագրոհներ կազմակերպեց:
Չեմ կարծում, թե ֆուտբոլային աստվածները մեզ որևէ բան են պարտական: Ավելի շատ ես եմ պարտական ֆուտբոլին: Բարսելոնա ենք եկել լավ ֆուտբոլ ցուցադրելու համար: Պետք է խաղանք սրտով, ամբողջ ուժով պայքարենք և ցույց տանք, թե որքան տաղանդավոր է մեր թիմը,-Վենգերի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: