Ընտրական օրենսգրքի նախագծի հետ ամեն ինչ պարզ է` չեն կատարվել ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի կողմից ներկայացված հանձնարարականները. Լ. Զուրաբյան
ՔաղաքականԱյսօր ՀՀ ԱԺ-ում ԸՕ նախագծի վերաբերյալ անցկացվում են խորհրդարանական լսումներ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու հասարակական-քաղաքացիական կազմակերպությունների մասնակցությամբ: Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց. «Աշխատանքային խումբը վերջնական լուծումների չի հանգել, եւ կառավարությունը լիազորել է աշխատանքային խմբին շարունակել աշխատանքը»:
Քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծի հետ ամեն ինչ պարզ է` չեն կատարվել ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի կողմից ներկայացված հանձնարարականները: Դավիթ Հարությունյանը, ընդդիմադիր պատգամավորին հակադարձելով, նշեց, որ այդ հանձնարարականների մեծ մասը տեղ է գտել ԸՕ նախագծում: Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը նաեւ հայտարարեց, որ ընդդիմության միասնական պլատֆորմ է ձեւավորվել, ներկայացվելու է հինգ հիմնական պահանջ ԸՕ նախագծի փոփոխման մասով, եւ այդ պլատֆորմին միացել է քաղաքացիական հասարակությունը: Դավիթ Հարությունյանը հարցրեց, թե ովքեր են միացել այդ պլատֆորմին, վերջինս առաջարկեց ձեռք բարձրացնել, դահլիճում ներկաներից ոմանք ձեռք բարձրացրեցին, որից հետո Դավիթ Հարությունյանն ասաց. «Իմ մտավախությունը միշտ այն է եղել, որ, խոսելով լայն կոնսենսուսի մասին, դուք իրականում ուզուրպացրել եք քաղաքացիական հասարակության կարծիքը, այլ քաղաքական ուժերի կարծիքը»: