Յոհաննես Հանը կոչ է անում ԼՂ հակամարտության գոտում զերծ մնալ բռնության կիրառումից
ՔաղաքականԵվրոպական միության ընդլայնան և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի վերսկսմամբ:
Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Ցավում ենք մարդկային կյանքերի կորուստների համար և հորդորում ենք բոլորին զերծ մնալ ցանկացած տեսակի բռնության կիրառումից»:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գ րիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով: