Պատանի ձյուդոյիստներն ավարտել են մրցելույթները Տվերում
ՍպորտՌուսաստանի Տվեր քաղաքում հայ պատանի ձյուդոյիստներն ավարտել են Եվրոպայի պատանեկան գավաթի խաղարկության շրջանակներում իրենց մրցելույթները: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հայտնում է, որ ապրիլի 3-ին մրցագործ են դուրս եկել Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի 73 կգ, 81 կգ, 90 կգ եւ 90+ կգ քաշային մարզիկները:
73 կգ քաշային Կարեն Հովհաննիսյանը, երկու ցավալի պարտություն կրելով, դուրս է մնացել հետագա պայքարից: Առաջին իսկ գոտեմարտում ցավալի պարտություն է կրել նաեւ 90 կգ քաշային Արման Փանչուլազյանը: Նույն քաշային կարգում իրենց առաջին մենամարտերը հաղթանակով են սկսել Արման Ասլանյանը եւ Արման Ավանեսյանը, սակայն երկու ձյուդոյիստներն էլ հաջորդ իսկ գոտեմարտում պարտություն են կրել:
90+ կգ քաշային Սահակ Գինոսյանը եւս ցավալի պարտություն է կրել հենց առաջին իսկ գոտեմարտում՝ դուրս մնալով մրցաշարից: Թերեւս Հայաստանի՝՝ Տվերում գրանցած լավագույն արդյունքը ապրիլի 2-ին ապահովել էր 50 կգ քաշային ձյուդոյիստ Գասպար Հայրապետյանը՝ Եվրոպայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն հռչակվելով:
«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը Ռուսաստան է մեկնել 15 մարզիկներով: Եվրոպայի գավաթի խաղարկությանը հաջորդելու է եռօրյա ուսումնամարզական հավաք, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: