ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիայի դրույթներին, միակողմանի կարգով իրենց պատրաստակամությունն են հայտնում հանձնել դիվերսանտ Հ.Հասանովի դին Ադրբեջանի Հանրապետությանը։ Այս մասին նշվում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը այս տարվա հուլիսի 26-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված եւ ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները կընդունեն համապատասխան որոշում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձի ինքնությունն արդեն պարզվել է եւ նա հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հ.Հասանովը՝ ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք եւ հավատարմություն Ժնեւյան կոնվենցիայի դրույթներին, միակողմանի կարգով իրենց պատրաստակամությունն են հայտնում հանձնել Հ.Հասանովի դին Ադրբեջանի Հանրապետությանը։