Բեյլ. Զգում եմ՝ աշխատելու տեղ ունեմ
Սպորտ«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է մադրիդյան ակումբում անցկացրած ժամանակահատվածի մասին: Հիշեցնենք, որ ուելսեցի ֆուտբոլիստը 2013 թվականի սեպտեմբերի 1-ից է հանդես գալիս «Ռեալում»:
-Հիանալի ժամանակահատված է: «Ռեալը» մեծագույն ակումբ է, որտեղ յուրաքանչյուրից մեծ սպասելիքներ ունեն: Այս ընթացքում 4 տիտղոս ենք նվաճել, ինչը լավ արդյունք է, բայց մենք ավելին ենք ցանկանում: Մի շարք դրական փոփոխություններ են եղել: Կարծում եմ՝ կատարելագործել եմ խաղս, ունակություններս: Պրեմիեր լիգայում թիմերն արագ գրոհներ են կազմակերպում, իսկ Իսպանիայում ավելի մեծ ուշադրություն են դարձնում գնդակի վերահսկողությունը: Ըստ իս, այդ տեսանկյունից, ինչպես նաև գրոհները եզրափակելու փուլում, ավելի հասունացել եմ: Մեկ խոսքով՝ առաընթաց եմ գրանցում, բայց զգում եմ՝ դեռ աշխատելու շատ տեղ ունեմ:
Հիշում եմ՝ երբ նոր էի տեղափոխվել «Ռեալ», նախագահն ասաց, որ տրանսֆերս գնել են Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը նվաճելու համար: Ինքս էլ «Ռեալ» տեղափոխվեցի այս մրցաշարում խաղալու և հաղթելու համար: Պարզապես հիանալի է, որ իմ մեկնարկային մրցաշրջանում հաղթեցինք Չեմպիոնների լիգայում: Ամեն ինչ հիանալի էր, երբեք չեմ մոռանա այդ հաղթանակը,-ասել է Բեյլը: