«Միկա»-ն ու «Բանանց»-ը ոչ-ոքի խաղացին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2015-2016 թթ. առաջնության 22-րդ տուրի 2-րդ խաղային օրը խաղացանկով երկու հանդիպում էր նախատեսված: «Արմենպրես»-ը հայտնում է, որ «Միկա»-ն, սեփական հարկի տակ մրցելով «Բանանց»-ի դեմ, այդպես էլ չի կարողացել գտնել հյուրընկալվող թիմի դարպասի բանալին՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:
Թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ ունեցել են հաղթանակ կորզելու մի քանի հնարավորություն, սակայն այդպես էլ չեն կարողացել օգտագործել նպաստավոր գոլային պահերը: Հատկապես առաջին խաղակեսում բավակաին հետաքրքիր պայքար է ծավալվել. թիմերը խաղացել են բաց, տեխնիկապես գրագետ ֆուտբոլ՝ փորձելով հաճույք պատճառել փոքրաթիվ հանդիսականներին:
Խաղացանկով նախատեսված երկրորդ՝ «Ուլիս»-«Արարատ» հանդիպումը չի կայացել. «Արարատ»-ի օգտին գրանցվել է տեխնիկական հաղթանակ:
«Միկա»-«Բանանց» խաղում գրանցված ոչ-ոքին գրեթե ոչ մի ազդեցություն չի ունեցել մրցաշարային աղյուսակի վրա. միայն թե երկու թիմերի օգտին ավելացել է 1-ական միավոր: «Ալաշկերտ»-ը իր 45 միավորով շարունակում է մնալ առաջնության առաջատարը՝ մոտակա մրցակցին գերազանցելով 7 միավորով: