Բոլիվիայի նախագահն անձամբ է քարոզչական նյութեր բաժանել ավտոճանապարհին
ՄիջազգայինԲոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսը ոչ ստանդարտ ձևով է սկսել իր նախընտրական արշավը. նա հայտնվել է բանուկ ավտոճանապարհներից մեկում և անձամբ քարոզչական նյութեր բաժանել մեքենաների վարորդներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մորալեսը պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 12-ին նշանակված հերթական ընտրություններում թեկնածու է առաջադրվել հանքագործների ու գյուղացիների արհմիությունների կողմից: 2015-2020 թվականների նախագահական ժամկետի համար այդ առաջադրումը Մորալեսի համար դարձել է արդեն երրորդը. նա հարավամերիկյան այս երկրում իշխանության գլուխ է 2006 թվականից ի վեր: Սահմանադրությունը երկրի ղեկավարի պաշտոնում նույն մարդու վերընտրվելու հնարավորությունը սահմանափակում է երկու անընդմեջ ժամկետով, սակայն 2013 թվականին երկրի Սահմանադրական դատարանը Մորալեսին թույլ է տվել վերս տին առաջադրվել նախագահի պաշտոնի համար:
La Segunda հրատարակության հաղորդագրության համաձայն՝ Մորալեսը քարոզչության համար ընտրել է Լա-Պաս և Էլ-Ալտո քաղաքների միջև ձգվող ավտոմայրուղին: Պետության ղեկավարը կանգնել է երթևեկության համար վճարի գանձման կետի կողքին, որտեղ նրան հարմար էր բաժանել իր քարոզչական նյութերը, քանի որ վարորդներն այստեղ հարկադրված էին կանգ առնել:
Ամփոփելով ակցիայի արդյունքները՝ Մորալեսն ինքը հայտարարել է, որ այն շատ հաջող էր, և պահանջարկն այնքան մեծ է եղել, որ տպագրված նյութերը չեն բավականացրել:
Հասարակական կարծիքի վեջին տվյալների համաձայն՝ Մորալեսը կարող է հաղթել արդեն առաջին փուլում՝ հավաքելով ձայների 54 տոկոսը: Նրա մերձավոր հետապնդողը՝ ձեռնարկատեր Սամուել Դորիյա Մեդինան, առայժմ վայելում է հարցման մասնակիցների միայն 14 տոկոսի աջակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: