Մինչ Օլիմպիական խաղերը քրտնաջան աշխատանք ու մարզումներ են պետք. Տիգրան Մարտիրոսյան
ՍպորտԾանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի համար երկրորդ պատվո հարթակը հաղթանակ չէ, այլ հաջողություն:«Արմենպրես»-ի հետ հարցազրույցի ժամանակ Տիգրան Մարտիրոսյանն անկեղծանում է՝ գոհ չէ իր ելույթից: «Ես իմ բոլոր հնարավորությունները չօգտագործեցի, 6 մոտեցումից 2-ը ձախողեցի, ինչպե՞ս կարող եմ բավարարված զգալ: Թեև երկրորդ տեղը գրավեցի, բայց դա իմ համար հաղթանակ չէ, այլ հաջողությունը: Ուրախ եմ միայն մի բանի համար, որ նույն քաշային կարգում հաղթանակը կրկին հայ ծանրորդինն էր ու կրկին Հայաստանի օրհներգը հնչեց: Շատ ուրախ եմ, որ այս խառն ու տխուր պահերին կարողացանք մեր մասնակցությամբ ու հաղթանակներով ինչ որ չափով հայ ազգի տրամադրությունը բարձրացնել»,-նշեց Տիգրան Մարտիրոսյանը:
Խոսելով առաջիկայում կայանալիք Օլիմպիական խաղերի մասին՝ ծանրորդը նշեց, որ երեք ամիսների ընթացքում քրտնաջան աշխատանք ու մարզումներ են պետք: «Օլիմպիական խաղերին ավելի դժվար կլինի, պայքարն էլ՝ թեժ, դրա համար պետք է մարզումների շնորհիվ արդյունքներս լավացնեմ, որ բոլոր հնարավորություններս օգտագործեմ: Կարծում եմ՝ լուրջ հաջողություն կունենամ»,-հավելեց Տիգրան Մարտիրոսյանը:
Նորվեգիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Տիգրան Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր: Կարապետյանը երկամարտում ցույց տվեց 367 կգ արդյունք: Պոկում վարժությունում Անդրանիկը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Տիգրան Մարտիրոսյանը պոկեց 160 եւ հրեց 192 կգ ծանրաձողը եւ 352 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Արմենուհի Մխոյան