Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ԱԺ մեծ օրակարգից հանվելու են հայ-թուրքական արձանագրությունները և, ի վերջո, ինչ է լինելու այդ արձանագրությունների ճակատագիրը: ԱԺ նախագահը հարցը որակեց հռետորական և ասաց. Հռետորական հարց եք տալիս; Հանրախպետության նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից արդեն անդրադարձել է այդ հարցին: Վարման կարգի ժամանակ Փոստանջյանը կրկին անդրադարձավ նույն հարցին և ասաց, որ ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանն ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ծոցը. «ՀՀ ԱԺ-ն գրողի ծոցը չէ, չնայած այլ կարծիք էլ կարող է լինել: Այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները»; Փոստանջյանը չավարտեց միտքը, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորին հորդորեց պահպանելով քաղաքական կոռեկտության սահմանները բացառապես խոսել օրակարգի վերաբերյալ. «Դուք միշտ էլ հնարավորություն ունեք հայտարարությունների ժամին ձեր տեսակետը հայտնելու»,-ասաց Շարմազանովն ու հավելեց, որ եթե Փոստանջայնը խոսի օրակարգին չառնչվող հարցերի վերաբերյալ` ստիպված կլինի անջատել պատգամավորի խոսափողը: Փոստանջյանը չլսեց Շարմազանովի հորդորը և փորձեց ավարտել միտքը, սակայն նրա խոսափողն անջատեցին: