Իբրահիմովիչը՝ Լիգա-1-ի լավագույն խաղացող, Գրիզմանը՝ դրսում լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ
ՍպորտՖրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միությունը Լիգա-1-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչել ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: 34-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել թիմակից Անխել Դի Մարիայից, «Նիցայի» ներկայացուցիչ Հատեմ Բեն-Արֆայից եւ Լասանա Դիարայից («Մարսել»):
Ֆրանսիայի առաջնության 29 հանդիպումներում Իբրահիմովիչը խփել է 35 գոլ, կատարել է 14 գոլային փոխանցում, ՊՍԺ-ն չեմպիոնի տիտղոսն ապահովել էր առաջնության ավարտից ութ տուր առաջ:
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Ֆրանսիայից դուրս հանդես եկող լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ: Գրիզմանն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման եւ խփել է 31 գոլ: