Հումելս. «Բորուսիայից» հեռանալու որոշումը դժվարությամբ տրվեց
ՍպորտՈւթ ու կես տարվա հաջող աշխատանքից հետո «Բորուսիայից» հեռանալու որոշումը դժվարությամբ տրվեց, ասել է «Բավարիայի» հետ պայմանագիր կնքած Մատս Հումելսը։
«Միշտ հպարտությամբ հագել «Բորուսիայի» մարզաշապիկը եւ եղել եմ այս ֆանտաստիկ թիմի մի մասը։ Հարազատ քաղաք վերադառնալուց առաջ ցանկանում եմ օգնել «Բորուսիային» նվաճել Գերմանիայի գավաթը եւ նշել այդ տոնը երկրպագուների հետ։ Առավելագույն ջանք կգործադրեմ դրա համար։ Սրտանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, երկրպագուներին, ակումբի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց այստեղ անցկացրած հրաշալի ժամանակի համար»,- Հումելսի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը։
27-ամյա ֆուտբոլիստն ամռանը կտեղափոխվի մյունխենյան ակումբ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ 1995-2008 թվականներին Հումելսը հանդես է եկել «Բավարիայի» տարբեր թիմերում։
Ամռանը մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային կփոխարինի իտալացի Կարլո Անչելոտին։