Հենրիխ Մխիթարյանն ու «Բորուսիան» կվերսկսեն բանակցությունները
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն պատմել է, որ գերմանական ակումբը շուտով վերսկսելու է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Այժմ հստակ ոչինչ ասել չեմ կարող: Բանակցությունները դադարեցվել էին, քանի որ Մխիթարյանի գործակալը մեկնել էր ԱՄՆ: Առաջիկայում կվերսկսենք բանակցել»,- Վացկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 27-ամյա Մխիթարյանը հրաժարվում է երկարաձգել «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2017-ի ամռանը: Պատճառն այն է, որ գերմանական ակումբը նրան առաջարկում է նոր պայմանագիր, որում չկա կլաուզուլա (տրանսֆերի նվազագույն արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին): Հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»: