ԱԺ հանձնաժողովում ԸՕ նախագիծը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու քվեարկությունը հետաձգվեց
ՔաղաքականԱզգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ԱԺ լիագումար նիստում քննարկելու քվեարկությունը հետաձգվեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի անդամները նման որոշում ընդունեցին, քանի որ պատգամավորները դեռևս չեն ստացել ամփոփաթերթը ու չգիտեն, թե իրենց առաջարկներից որոնք են ընդունվել, որոնք չեն ընդունվել:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ չի կարող քվեարկել, եթե չգիտի՝ իր առաջարկներից որոնք են ընդունվել, որոնք՝ ոչ: «Ես առաջարկում եմ հետաձգել քվեարկությունը մինչև մայիսի 16-ը, երբ մենք կունենանք ամփոփաթերթը և կհասկանանք, թե մեր առաջարկներից որոնք են ընդունվել»,- նշեց Մարուքյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ամփոփաթերթը պատգամավորները կարող են ստանալ մայիսի 14-ին, ժամը 12:00-ին: Հանձնաժողովի անդամները քննարկումների արդյունքում եկան այն եզրակացության, որ ՀՀ ԸՕ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ԱԺ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու քվեարկությունը հետաձգվի և տեղի ունենա մայիսի 16-ին: