Էնրիկե. Մենք Եվրոպայի ուժեղագույն լիգայում ենք խաղում
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության վերջին տուրից առաջ հայտարարել է, որ իր թիմը, հանդես գալով Եվրոպայի ուժեղագույն լիգայում, չի պատրաստվում ձեռքից բաց թողնել չեմպիոնությունը: 37-րդ տուրից հետո «Բարսելոնան» մեկ միավորով է գերազանցում «Ռեալին», վերջին տուրում կատալոնացիները մրցելու է «Գրանադայի» հետ, իսկ մադրիդցիները՝ «Դեպորտիվոյի»:
-Մեզ մնացել է մեկ հանդիպում: Եթե պարտվենք, կտեղեկանամ, թե ինչպես է խաղացել մրցակիցը, բայց մինչև եզրափակիչ սուլիչը ես այլ թիմերի մասին չեմ մտածելու: «Բարսելոնան» մյուսներից տարբերվում է նրանով, որ այստեղ խաղում են մեծաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր մի շարք տիտղոսներ են նվաճել ինչպես ակումբային մակարդակով, այնպես էլ հավաքականների հետ:
Այո, մրցաշրջանի ընթացքում եղան ձախողումներ, բայց հիմա մենք կրկին վերելք ենք ապրում: «Գրանադայի» դեմ խաղում փորձելու ենք հնարավորինս շատ գրոհել և մրցակցին պահեր ստեղծելու հնարավորություններ չտալ: Պաշտպանությունում ճշգրիտ գործողությունների շնորհիվ մեր խաղն ավելի լավն է դարձել:
Հավասարակշռվածությունը «Բարսելոնայի» համար մրցաշրջանի ավարտին հաջողության հասնելու գլխավոր բանալին է: Հաշվի առնելով մրցակիցների մակարդակը՝ կարելի է փաստել, որ մենք Եվրոպայի ուժեղագույն լիգայում ենք խաղում,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Football Espana»-ից:
Հավելենք, որ «Գրանադա»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է մայիսի 14-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 19:00-ին: Զուգահեռաբար կայանալու է «Դեպորտիվո»-«Ռեալ» հանդիպումը: