Ֆրանսիացի գործիչ. Մենք թուրքերին 6 մլրդ եվրո ենք տալիս, որպեսզի նրանք հենց մեր դե՞մ գան
ՄիջազգայինԱյն 6 մլրդ եվրոյով, որ ԵՄ-ն տալու է Թուրքիային, Թուրքիան կգնա հենց նույն Եվրոպայի դեմ: Այս մասին France TV-ի եթերում հայտարարել է Debout la France կուսակցության նախագահ Նիկոլա Դյուպոն-Էնյանը:
Եվրամիության առաջնորդները խոսում են տնտեսելու մասին, բայց համաձայն են 6 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային, չնայած, ըստ նրա, այդ երկիրը խախտում է համաձայնեցված բոլոր կանոնները:
«Կարծում եմ՝ այստեղ երկակի ստանդարտներ են կիրառվում, եւ դա չափազանց անարդար է»,- հայտարարել է Էնյանը:
Հաղորդավարի նկատառմանը, որ այդ 6 մլրդ-ը Թուրքիայի իշխանություններին հատկացվում է փախստականների շուրջ համաձայնության շրջանակում, Էնյանը պատասխանել է. «Պարզապես չմոռանանք հավելել. Թուրքիայի այն իշխանություններին, որոնք իրենց տարածքից գրեթե 1 մլն մարդ ուղարկեցին. գիտակցաբար, որպեսզի ապակայունացնեն Եվրոպան: Թուրքիայի իշխանություններին, որոնք պատերազմում են քրդերի՝ ԻՊ-ի դեմ պայքարող մեր դաշնակիցների դեմ»:
«Թուրքիան աննախադեպ շանտաժի է գնում: Եվ դրան համաձայնեց տիկին Մերկելը, որը բանակցություններ վարեց առանց Օլանդի: Եվ այդ փողերը նաեւ մենք ենք վճարելու:
Մենք վիզա ունենք ռուսների համար, իսկ այստեղ 80 մլն թուրքեր իրավունք կստանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտի: Իսկ Թուրքիան, չմոռանանք, բացեց դռները ջիհադականների համար:
Այդ պատճառով ֆրանսիացիներին կոչ եմ անում բողոքարկել Թուրքիայի հետ ԵՄ համաձայնագիրը»,- ամփոփել է ֆրանսիացի գործիչը: