Բելառուսի ընդդիմությունը միավորվում է
ՄիջազգայինՄայիսի 15-ին Մինսկում անցկացվել է Բելառուսի ազգային համագումարը (ԲԱՀ): Այն ընդդիմության միացյալ մշտական գործող կառույցը կդառնա: Համագումարի մասնակիցները հավաքվել են Մինսկի կենտրոնում, Յանկա Կուպալայի հուշարձանի հարեւանությամբ: Ըստ «ԲելաՊԱՆ»-ի, իշխանությունների գործողությունների պատճառով կազմկոմիտեն չի կարողացել անհրաժեշտ տարածք վարձել:
Բելառուսի ազգային համագումարի կազմկոմիտեում ներառված են 2010 թվականի նախագահի ընտրություններում թեկնածու Նիկոլայ Ստատկեւիչը, գրող եւ քաղաքական գործիչ Վլադիմիր Նեկլյաեւը, անկախ Բելառուսի առաջին ղեկավար Ստանիսլավ Ֆեդինիչը (1991-1994թ.թ.), «Ռազամ» շարժման առաջնորդ Վյաչեսլավ Սիվչիկը, «Երիտասարդ ճակատ»-ի համանախագահ Զմիտեր Դաշկեւիչը:
«Սա ընդդիմության ամբողջական միավորումը չէ, սա գործընթացի սկիզբն է»,- նշել է համագումարի նախաձեռնող Նիկոլայ Ստատկեւիչը:
Մինչ միջոցառման մեկնարկը համագումարի մասնակիցները Բելառուսի Հանրապետության անկախությանն աջակցության հռչակագիր են ստորագրել: Դրանում նշվում է, որ «Ռուսաստանը ծրագրված քանդում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային իրավունքի համակարգը», իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Բելառուսն ամուր կապել է Ռուսաստանին», ինչը վտանգում է երկրի գոյությունը:
Համագումարի մասնակիցները նաեւ որոշել են խորհրդարանական ընտրություններում թեկնածուների միասնական ցուցակ կազմել՝ խուսափելու համար միեւնույն շրջանում իշխանության ներկայացուցչի դեմ մի քանի թեկնածուների առաջադրումից: