Կոլումբիայի ոստիկանությունը 8 տոննա կոկաին է բռնագրավել Պանամայի հետ սահմանում
ՄիջազգայինԿոլումբիայի ոստիկանությունը 8 տոննա կոկաին է հայտնաբերել Պանամայի սահմանից ոչ հեռու, որը գնահատվում է 240 մլն դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Պատմության մեջ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակը: Հարված հանցագործներին»,- Twitter սոցցանցի իր միկրոբլոգում նշել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:
Իրավապահ մարմինների աշխատակիցները կոկաինը հայտնաբերել են երկրի հյուսիս-արեւելքի Անտիոքիա դեպարտամենտի Տուրբո մունիցիպալիտետի բանանի պլանտացիայում՝ ստորգետնյա պահեստարանում: Գործողության ընթացքում ձերբակալվել է երեք մարդ:
Ինչպես նշել է երկրի պաշտպանության նախարար Լուիս Կարլոս Վիլիեգասը, հայտնաբերված թմրանյութը պատկանում էր Ուսուգա թմրակարտելին, որի պարագլխին բռնելու համար ԱՄՆ-ը 5 մլն դոլարի պարգեւ էր հայտարարել:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Կոլումբիայում տարեկան արտադրվում է 442 տոննա կոկաին: 2015 թվականին երկրի իշխանությունները բռնագրավել են 252 տոննա թմրանյութ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: