Թուրքիայի պատգամավորներից մեկն առաջարկել է խոցել ևս մեկ ռուսական ինքնաթիռ
ՄիջազգայինԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Թայարը, խիստ հիվանդագին տանելով Եվրոպայի բասկետբոլի լիգայի եզրափակիչում ռուսական ԲԿՄԱ-ի հաղթանակը թուրքական «Ֆեներբահչե»-ի նկատմամբ, առաջարկել է ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թայարը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Մարդ ցանկանում է մի ռուսական ինքնաթիռ էլ խոցել»,- նման գրառում է կատարել թուրք պատգամավորը 101:96 հաշվով ավարտված բասկետբոլային հանդիպումից հետո:
2015 թվականի նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով և վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Կատարվածից հետո ռուս-թուրքական հարաբերությունները խիստ լարվել են:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: