ԵԱՏՀ-ում կքննարկեն Իրանի հետ ժամանակավոր ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը մայիսի 16-ին հանձնարարություն Է տվել Իրանի հետ կոնսուլտացիաներ սկսել ժամանակավոր ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագրի շուրջ: Այդ մասին, ամփոփելով նիստի արդյունքները, լրագրողներին հայտնել Է ԵԱՏՀ-ի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
«Որոշման կարեւորությունն այն հանձնարարությունն Է, որը խորհրդի կողմից տրվել Է միասնական բանակցային պատվիրակությանը՝ Իրանի հետ ոչ պաշտոնական կոնսուլտացիաներ սկսել ժամանակավոր ազատ առեւտրի գոտու համաձայնագիր կնքելու շուրջ»,-ասել Է նա:
Նիկիշինան հատկապես նշել Է, որ դեռ չի ստացվել բանակցություններ վարելու պաշտոնական մանդատը, որը տալիս են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների նախագահները: Առայժմ խոսքը վերաբերում Է հենց ոչ պաշտոնական կոնսուլտացիաներ անցկացնելուն, որոնց արդյունքը կլինի այս տարվա հոկտեմբերին պետությունների ղեկավարներին ներկայացվելիք զեկույցը:
«Այն դեպքում, եթե մեր զեկույցն այնքան դրական լինի, որ նախագահները մեզ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ տան, ապա այդ գործընթացը հոկտեմբերից կարելի կլինի գործարկել արդեն պաշտոնապես»,-պարզաբանել Է ԵԱՏՀ-ի առեւտրի նախարարը: