Պատգամավորը կանխատեսում է՝ պատերազմը մոտ է ու անխուսափելի
ՔաղաքականԻնչպես հայտնում է ORER.am-ը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, խոսելով այն մասին, թե որքանով էր նպատակահարմար «Արցախի ճանաչման մասին» օրինագիծն այսօր քննարկել Ազգային ժողովում, երբ դեռ նախագահների հանդիպումը տեղի չի ունեցել, ասաց. «Այս նախագիծը ներկայացվել է 15 օր առաջ, երբ հայտնի չէր Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին»:
Հարցին, թե արդյոք նրան առաջարկել են, որպեսզի օրինագիծն ավելի ուշ ներկայացվի քննարկման, Հ.Բագրատյանը հերքեց՝ ասելով, որ նման բան չի եղել. «Ո՞վ ասաց, նման առաջարկ չի եղել: Քննարկվում էր օրակարգ մտնել-չմտնելու հարցը, կարող էր մտնել օրակարգ ու մնար, այս ամբողջը բլեֆ է, ինչ ասվում է, սուտ է ասվում:
Սարգսյան-Ալիեւ հանդիպումը մի քանի օր առաջ է հայտնի դարձել, թող քննարկում անեին, ո՞վ ասաց»:
Ինչպես նշեց պատգամավորը, այդ առաջարկով քաղաքական հարց չի լուծվում. «Մենք ընդամենն ասում էինք՝ հարցը քննարկվի, ինչը մերժվել է. Չքննարկե՞նք՝ օրական 3 երեխա է մահանում, մենք ասել ենք, որ սա Ադրբեջանին ձեռնտու սցենարն է, հաջորդ պատերազմը կլինի մի քանի ամիս հետո եւ ավելի վատ հետեւանքներով»:
Հիշեցնենք, որ այսօր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի ճանաչման մասին» օրինագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում: