Բերլուսկոնին «Միլանի» ֆուտբոլիստներին սպառնացել է չվճարել աշխատավարձ
ՍպորտԻտալական «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին ակումբի հովանավորների հետ հանդիպումից հետո քննադատել է թիմի ֆուտբոլիստներին։
«Այլեւս չի կարելի լինել խայտառակության առարկա։ Հովանավորները մեզ օգնում են գումար վաստակել։ Նրանք ինձ ասացին, որ այսպիսի խաղի համար այլեւս չեն ցանկանում վճարել։ Այդ դեպքում ես կաշխատեմ ֆուտբոլիստների հաշվին։ Ավելի ճիշտ, չեմ վճարի նրանց։ Կցանկանան դատի տալ ինձ, խնդրեմ։ Իտալական դատարանում կա կտեւի մոտ 7 տարի»,- Բերլուսկոնիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Նշվում է, որ «Միլանի» ֆուտբոլիստներն այս գիշերն անցկացրել են ակումբի մարզաբազայում։ Բերլուսկոնին ծրագրել է եւս մեկ հանդիպում ունենալ նրանց հետ։ Իտալիայի ավարտված առաջնությունում միլանցիները գրավել էին 7-րդ տեղը։ Եվրագավաթներում հայտնվելու միակ շանսը մայիսի 21-ին Իտալիայի Գավաթի եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսին» հաղթելն է։