Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով` պետք է սահմանափակել համայնքի ղեկավարների ընտրության մասնակցելու քանակը: Այս մասին այսօր Ազգային ժողովում Տեղական ինքնակառավարման մարմինների և Ընտրական օրենսգրքի օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց պատգամավորը: Նրա խոսքով` իր գաղափարը մերժում են, պատճառաբանելով, թե համայնքների խոշորացումից հետո օրենքին անդրադարձ լինելու է. « Մեկ անգամ ընտրվելուց հետո երկրորդ անգամ ընտրվեց, երրորդ անգամ ընտրվեց: Չի կարելի: Ութ տարի աշխատեցիք, գնացեք ձեր տուն, թողեք ուրիշ մարդ գա հիմա , թողեք հետո էլ երիտասարդները իրենց գաղափարներն իրագործեն: Երկուս ու կես տարի է ինձ ասում են` սպասեք համայնքների խոշորացում է գնում: Չի կարող մի մարդը հիսուն անգամ ընտրվել համայնքի ղեկավար, դարերով դառնա իշխան, հետո էլ տղան ընտրվի, ու այդպես շարունակվի: Նման համայնքներ կան»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց Մարուքյանին, ասելով որ իրենք հայրենակիցներ են և ինքը լավ է հասկանում պատգամավորին, սակայն չպետք է սահմանափակել բնակիչների ընտրության հնարավորությունը. «Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ մարդիկ մի քանի անգամ վերընտրվել են և դեռ մի քանի անգամ էլ կվերընտրվեն, քանի որ լավ են աշխատում: Եթե համայնքի բնակչությունը ցանկանում է ընտրել իքս մարդուն, ինչու մենք կուսակցության դեմ պայքարենք»: