Ինյեստա. ՉԼ-ից դուրս մնալու պատճառն ինքնավստահությունն էր
Սպորտ«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան վերլուծել է թիմի խաղը վերջին մրցաշրջանում: Լուիս Էնրիկեի սաները հաղթեցին Իսպանիայի առաջնությունում, երկրի գավաթի խաղարկությունում, աշխարհի ակումբային առաջնությունում և նվաճեցին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, սակայն չկարողացան հաղթել Չեմպիոնների լիգայում:
-Մենք շատ էինք ուզում հաղթել ՉԼ-ում: Դժվար է հասկանալ մրցաշրջանի ընթացքում մեր խաղի անկումը, բայց դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ մենք համապատասխան խաղ չցուցադրեցինք: Երբ մենք այլևս նահանջելու տեղ չունեինք, ավելի ակտիվ վերլուծեցինք իրավիճակը, բայց դրան կոնկրետ բացատրություն չկա:
Հնարավոր է՝ մեզ թվացել էր, որ առանց աչք թարթելու երեք տիտղոս կնվաճենք, բայց իրականում նման արդյունքի հասնելը շատ դժվար է: Այնուամենայնիվ մենք ունեցանք հիանալի մրցաշրջան՝ նվաճած տիտղոսներով,- Ինյեստայի խոսքն է մեջբերում «RAC 1»-ը: