Զիդան. Բոլորս միասին արժանի ենք այս հաղթանակին
Սպորտ«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ատլետիկոյին» հաղթելուց հետո հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և պատմել է զգացողությունների մասին:
-Անչափ երջանիկ եմ: Չեմպիոնների լիգայում հաղթելը երբեք հեշտ չի լինում: Բոլորս միասին արժանի ենք այս հաղթանակին: Նման խաղերը շատ ուժ և էմոցիաներ են խլում: Խաղի վերջնամասում շատերի մկաններն արդեն չէին «ենթարկվում», բայց դա նորմալ է: Սա մրցաշրջանի վերջին և կարևորագույն խաղն էր: Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանի վերջնամասում թիմը լավ հանդես եկավ: Ես գոհ եմ:
Շնորհակալ եմ Ֆլորենտինո Պերեսին, ով ինձ հնարավորություն տվեց մարզելու այս մեծագույն թիմը: «Ռեալում» կարելի է ֆանտաստիկ ցուցանիշներ սահմանել: Դրանցից մեկն արդեն սահմանված է: Ես հաղթել եմ Չեմպիոնների լիգայում որպես ֆուտբոլիստ, Կարլո Անչելոտիի օգնական, իսկ այսօր՝ որպես գլխավոր մարզիչ: 2014-ին Անչելոտին ինձ ասաց, որ ես գլխավոր մարզչի կարգավիճակում կհաղթեմ Չեմպիոնների լիգայում ու կհասկանամ, որ այդ զգացողությունները տարբերվում են նրանցից, որոնք ունեցել եմ խաղալու տարիներին: Այժմ հասկանում եմ, որ նա ճիշտ էր: Իսկապես անհամեմատելի զգացողություններ են:
Ռոնալդուն վնասվածք չուներ: Նա աշխատեց 100% նվիրվածությամբ, ինչպես մյուս ֆուտբոլիստները: 11-մետրանոց հարվածաշարից առաջ ֆուտբոլիստներին պարզապես հերթականությունն եմ ասել:
Ես չեմ կարող խոսել «Ատլետիկոյի» պարտության պատճառների մասին: Միայն կարող եմ շնորհավորել Սիմեոնեին և նրա ֆուտբոլիստներին ֆանտաստիկ խաղի համար: Բոլորը պայքարեցին մինչև վերջ, ոչ ոք հանձնվելու մտադրություն չուներ:
Հաճախ ոգին վարպետությունից կարևոր է լինում: Ես ուրախ եմ, որ այսօր իմ թիմն ուժեղ էր ոչ միայն խաղով, այլև ոգով,-ասել է Զիդանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ: