Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը գիտակցող և լռող պետություններն իրենց առջև ունեն Գերմանիայի ճանապարհը. Արտակ Զաքարյան
ՔաղաքականՊաշտոնապես ճանաչելով և դատապարտելով Հայոց Ցեղասպանությունն ու հիշատակի տուրք մատուցելով 1.5 միլիոն անմեղ զոհերին, Գերմանիան ևս մերժեց թուրքական ժխտողականությունն ու քաղաքական շանտաժի դրսևորումները:
«Ֆեյսբուք»-ի իր էջում նման գրառում է կատարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտ ակ Զաքարյանը:
«Թուրքիան, բացի իրենից ու իր անցյալից, որևէ միջազգային գործընկերոջից «նեղանալու» բարոյական ու քաղաքական հիմքեր չունի: Գերմանիան և երկու տասնյակից ավել պետություններ ցույց տվեցին, որ բացի քաղաքական շահերից, աշխարհում կան նաև անանցանելի ու անբեկանելի արժեքներ»,- գրել է պատգամավորը:
Արտակ Զաքարյանն այն կարծիքին է, որ գերմանական քաղաքական կամքն ու քաղաքական ազնվությունը հերթական բարձրարժեք օրինակը կլինի մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի ցեղասպանական հանցագործությունը դատապարտելու համար: «Մեկ դարն անգամ չի կարող ջնջել 1.5 միլիոն անմեղ հայերի արյան հիշողությունը: Այն պետությունները, որոնք գիտակցում են Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությունը, սակայն դեռևս լռում են ՝ Թուրքիայի հետ քաղաքական շահերից ելնելով, իրենց համար ունեն նաև Գերմանիայի ճանապարհը»,- եզրափակել է պատգամավորը: