Ալվեսի` Բարսելոնայում վիճակագրական տվյալներն ու նվաճած տիտղոսները
ՍպորտՀայտնի է, որ «Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը պաշտոնապես լքում է կատալոնական ակումբը: Բրազիլացին ամենայն հավանականությամբ կարիերան շարունակելու է «Յուվենտուսում»: 33-ամյա ֆուտբոլիստի հեռանալու կապակցությամբ BarcaStat թվիթերյան էջը ներկայացրել է «կապտանռնագույնների» կազմում նրա մի շարք ուշագրավ վիճակագրական տվյալներ:
Աջ պաշտպանն 2008 թվականի ամռանը տեղափոխվելով «Բարսելոնա», այս ընթացքում մասնակցել է 391 խաղի, որոնցում թիմը հաղթել է 286-ում, 65 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ 40-ը պարտությամբ:
Այդ մրցավեճերում Ալվեսը կատարել է 97 գոլային փոխանցում, ինչը նշված ժամանակահատվածում ակումբի երրորդ ցուցանիշն է: Ավելի շատ գոլային փոխանցում կատարել են միայն Լիոնել Մեսսին (159) ու Չավին (104): Ալվեսի փոխանցումներից հետո ամենաշատն աչքի է ընկել Մեսսին`42 գնդակ, իսկ երկրոդը Լուիս Սուարեսն է` 9:
Բրազիլացին հաղթել է գնդակի համար 2605 մենապայքարներ, ինչը միջինը մեկ խաղում կազմում է 6,67:
Ալվեսը «Բարսելոնայի» հետ 23 տիտղոս է նվաճել. 6 անգամ Իսպանիայի առաջնություն, 3 անգամ Չեմպիոնների լիգա, 4 անգամ Իսպանիայի Գավաթը, 4 անգամ Իսպանիայի Սուպերգավաթը, 3 անգամ Եվրոպայի Սուպերգավաթը և 3 անգամ Աշխարհի ակումբային առաջնությունը:
Բրազիլացին «կապտանռնագույննեի» կազմում հանդես գալու ընթացքում 6 անգամ հայտնվել է ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում, 5 անգամ ՈւԵՖԱ-ի խորհրդանշական հավաքականում, իսկ 2008/09 մրցաշրջանում ճանաչվել է Իսանիայի առաջնության լավագույն պաշտպան: