Ռաուլը, Կասիլյասն ու Արբելոան շնորհավորել են Մուգուրուսային
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստներ Ռաուլը, Իկեր Կասիլյասը եւ թիմից հեռացող Ալվարո Արբելոան սոցիալական ցանցերում իսպանացի Գարբինյե Մուգուրուսային շնորհավորել են թենիսի կանանց Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը նվաճելու առթիվ:
«Ինչ անհավանական մարզուհի է: Շնորհավոր, Գարբի»,- գրել է կարիերան ավարտած Ռաուլը:
«Շնորհավորում եմ Գարբինյե Մուգուրուսային: Roland Garros-ի չեմպիոնին ու Սերենա Ուիլյամսին հաղթողին»,- գրել է պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Կասիլյասը:
«Աներեւակայելի Գարբինյե Մուգուրուսա: Առաջին տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Մյուսներն առջեւում են»,- գրել է Արբելոան:
Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսի» եզրափակիչում 22-ամյա իսպանուհին 7:5, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին: Մուգուրուսան առաջին տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, իսկ 34-ամյա Սերենան չպաշտպանեց տիտղոսը:
Այս հաղթանակի շնորհիվ Գարբին Մուգուրուսան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում կառաջադիմի 2 աստիճան եւ կդառնա աշխարհի երկրորդ ռակետը: Նախորդ անգամ «Ռոլան Գարոսի» կանանց մենախաղում իսպանուհի հաղթել էր 1998-ին (Արանտա Սանչես Վիկարիոն):