Ուկրաինան ու Բելառուսը պայմանավորվել են էներգետիկ ոլորտում համագործակցելու մասին
ՄիջազգայինՈւկրաինան ու Բելառուսը պայմանավորվել են էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, հունիսի 6-ին այս մասին հայտնել է Ուկրաինայի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայույթունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուկրաինական պատվիրակությունը՝ էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Իգոր Բասալիկի ղեկավարությամբ այցելել է Բելառուս:
«Ուկրաինական կողմը աջակցել է բելառուս գործընկերների առաջարկին՝ վերականգնել էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցերով ուկրաինա-բելառուսական աշխատախմբի աշխատանքները»,- հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ծառայության տվյալներով, կողմերը քննարկել են ուկրաինական էլեկտրաէներգիան Բելառուսի տարածքով Լիտվա փոխադրելու տեխնիկական հնարավորությունը, Ուկրաինայի ու Բելառուսի էներգահակամակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովումը, նաեւ անհրաժեշտության դեպքում վթարային օգնություն ստանալը:
Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ բելառուսական կողմը հետաքրքրվել է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարներով: Ուկրաինան պատրաստ է առաջարկել իր ծառայությունները ԱԷԿ անձնակազմի նախապատրաստման ու ուսուցման շուրջ: Նաեւ կողմերը քննարկել են ուկրաինացի մասնագետներին ինժեներատեխնիկական ծառայություններ տրամադրելու ու մոնտաժի, վերանորոգման, վերակառուցման ու սարքավորումների արդիականացման աշխատանքների կազմակերպման հնարավորությունը:
Բացի դրանից ուկրաինական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել բելառուս գործընկերների հետ հիդրոէներգետիկայի ոլորտում: