Չեխիայի նախագահ. Օսմանցիները ցեղասպանություն են իրականացրել հայերի նկատմամբ
ՄիջազգայինՕսմանցիները ցեղասպանություն են իրականացրել հայերի նկատմամբ, ես Չեխիայի խորհրդարանին կոչ եմ անում հետեւել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին, որը ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին չեխական էլեկտրոնային «Parlamentní listy» կայքին հայտնել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
Զեմանը նշել է, որ տվյալ հարցը կքննարկի Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ` Հայաստանից վերադառնալուց հետո: Նա հիշեցրել է, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն են կոչել Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Սլովակիան, Իտալիան եւ այլ երկրներ:
Հիշեցնենք որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հայաստան կժամանի հունիսի 7-ին, այցի պաշտոնական մասը կսկսվի հունիսի 8-ին 1915 թվականի Հայոց ցեղասպանության թանգարան այցելությունից: Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո չեխ առաջնորդին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: