Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ
ՔաղաքականԲուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Բուլղարիայի Ժողովրդական ժողովում հունիսի 3-ին հանդիպում ունեցավ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովը, շնորհավորելով ՀՀ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, կարևորեց պատգամավորական խմբի և ԲՀ-ում ՀՀ դեսպանության միջև հաստատված աշխատանքային հարաբերությունները` հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա այդ համագործակցության խորացման և զարգացման գործում:
Աթանաս Զաֆիրովը գոհունակությամբ արձանագրեց պատգամավորական խմբին կազմի ընդլայնման փաստը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների և տուրիզմի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները ընդգծեցին խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` այդ համատեքստում կարևորելով փոխադարձ այցելությունների կազմակերպումը, այդ թվում նաև պատգամավորական խմբերի մակարդակով: