Հակոբ Հակոբյանը կողմ է հարկային օրենսգրքի սկզբունքներին, սակայն փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում
ՔաղաքականԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել հարկային օրենսգրքի նախագծին՝ չնայած նախագծի հետ կապված լուրջ մտահոգություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հակոբյանն ընդգծեց, որ ինքն արդեն արտահայտել է իր մտահոգությունները և կողմ է քվեարկել՝ հստակեցնելով, որ օրենսգրքի նախագիծը պետք է փոփոխությունների ենթարկվի: «Ես հայտարարել եմ, որ կողմ եմ այն սկզբունքներին, որ դրված են օրենսգրքի նախագծի հիմքում, սակայն լուրջ փոփոխությունների կարիք կա: Ես իմ մտահոգությունները քննարկման ժամանակ հայտնել եմ»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը: Նա հավելեց, որ ինքն ընդհանուր առմամբ կողմ է օրենսգրքի նախագծի փիլիսոփայությանը: «Ես իմ ելույթում էլ ասել եմ, ո ր օրենսգրքի նախագծում կան նաև լավ դրույթներ, բայց դրույթներ էլ կան, որոնք սխալ են: Հիմա ի՞նչ պետք է անել՝ ուղղե՞լ սխալը, թե՞ հրաժարվել ճշտից: Սա է իմ քվեարկության սկզբունքը»,- ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մինչև նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկում հնարավոր կլինի կատարել բոլոր անհրաժեշտ բովանդակային փոփոխությունները: