Եվրո-2016․ Սլովակիայի հավաքականը կարևոր հաղթանակ տոնեց Ռուսաստանի նկատմամբ
ՍպորտՌուսաստան-Սլովակիա խաղով մեկնարկեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրը։
Լիլի «Պյեր Մորուա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավելի ակտիվ սկսեց Ռուսաստանի հավաքականը։ Ռուսներն ունեին տարածքային առավելություն, սակայն գործը վտանգավոր գրոհներին չէին հասցնում։ Ի տարբերություն Լեոնիդ Սլուցկու սաների՝ սլովակներն աչքի ընկան արդյունավետությամբ․ 32-րդ րոպեին Մարեկ Համշիկի հիանալի փոխանցումից հետո Վլադիմիր Վայսն առաջ մղեց Սլովակիային, իսկ նախքան ընդմիջման գնալը Վայսի փոխացումից հետո Համշիկը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։


Երկրորդ խաղակեսում Ռուսաստանի հավաքականին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը․ 80-րդ րոպեին աչքի ընկավ Դենիս Գլուշակովը։
Այժմ Սլովակիան ունի 3 միավոր, Ռուսաստանը մնաց 1 միավորով, իսկ B խմբի մյուս հավաքականները՝ Ուելսը (3 միավոր) և Անգլիան (1) երկրորդ տուրի շրջանակում իրենց հանդիպումն անցկացնելու են վաղը։


Եվրո-2016, խմբային փուլ, երկրորդ տուր, B խումբ
Ռուսաստան - Սլովակիա՝ 1։2
Գոլերը՝ Գլուշակով 80' - Վայս 32', Համշիկ 45՛