Դարիոս Սռնա. Կյանքիս ամենածանր հանդիպումն էր
ՍպորտՖուտբոլի Խորվաթիայի հավաքականի ավագ Դարիո Սռնան անդրադարձել է Չեխիայի դեմ Եվրո-2016-ի D խմբի երկրորդ տուրի խաղին, որում խորվաթ երկրպագուներն առանձնացել էին տգեղ վարքով:
«Դա կյանքիս ամենածանր խաղն էր: Ինչ վերաբերում է երկրպագուներին, չեմ ցանկանում մեկնաբանել դա: Չգիտեմ՝ կար արդյոք 11 մետրանոց մեր դարպասին: Մենք լավ էինք խաղում, սակայն 2:0-ից հետո նախաձեռնությունը տվեցինք մրցակցին: Ստացվեց այնպես, ինչպես ստացվեց»,-Դոնեցկի «Շախտյորի» պաշտպանի խոսքը մեջբերում է Nacional.hr-ը:
Հիշեցնենք, որ Սենտ Էթյենում կայացած խաղում Չեխիայի հավաքականը մինչեւ 76-րդ րոպեին պարտվում էր 0:2 հաշվով, բայց կարողացավ փրկել խաղը՝ 2:2: 87-րդ րոպեին խաղը դադարեցվել էր, քանի որ խորվաթ ֆանատները բազմաթիվ ճայտրուկներ նետեցին խաղադաշտ: Խորվաթ ֆուտբոլիստները մոտեցան տրիբունային եւ փորձեցին հանգստացնել իրենց երկրպագուներին, ինչից հետո խաղը շարունակվեց եւ չեխերը քիչ անց գոլ խփեցին 11 մետրանոցից: Այդ խաղից օրեր առաջ մահացել էր Դարիոս Սռնայի հայրը եւ նա, լքելով հավաքականի ճամբարը, մեկնել էր հուղարկավորությանը: