Բանակցություններին Արցախի մասնակցությունը ՄԽ համանախագահների օրակարգում է. պատգամավոր
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը մշտապես եղել է Հայաստանի օրակարգում: Այդ հարցը կա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգում:
Հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով հանդիպումների ընթացքում բանակցություններին Արցախի մասնակցության մասին չի խոսվել:
«Այդ հարցի բարձրացումն այսօր, կարծում եմ, տեղին չէ հենց այն պարզ պատճառով, որ այսօր դեռ բանակցություններ չեն գնում: Այն գործընթացը, որ սկիզբ առավ Վիեննայում, նպատակ ուներ բանակցությունների վերսկսման համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Սանկտ Պետերբուրգում ևս, երբ խոսվում էր ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունների ընդլայնման մասին, ասվում էր, որ դա ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար: Այսինքն, այս երկու հանդիպումների ժամանակ բանակցություններ չեն գնացել»,- նշեց Մինասյանը:
Գագիկ Մինասյանը նկատեց՝ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են ասում, որ ԼՂ-ն անպայման պետք է մասնակցի բանակցությունների եզրափակիչ փուլին, որովհետև առանց ԼՂՀ լեգիտիմ իշխանությունների մասնակցության որևէ համաձայնագիր կյանքի հնարավորություն չի ունենա: