Քլինթոնը մեկնաբանել է Թրամփի` շապիկների վաճառքի արշավը
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր նկարով շապիկների վաճառքի գովազդային արշավ է սկսել, ինչն արդեն ծաղրական դիտողությունների է արժանացել դեմոկրատ Հիլարի Քլինթոնի կողմից:
Միլիարդատիրոջ Twitter-ում հղում է հրապարակվել այն կայքին, որտեղ հնարավոր է Թրամփի նկարով շապիկ գնել, որին գրված է. «Ես Ձեզ հետ եմ: Ամերիկան դարձյալ փառապանծ դարձնենք»:
Մի քանի ժամ անց Քլինթոնի Twitter-ում գրառում է հայտնվել Թրամփի գրառման հղումով եւ գրությամբ. «Ես Ձեզ հետ եմ: Առաջարկը չի գործում մահմեդականների, կանանց, լատինաամերիկացիների, աֆրոամերիկացիների, միջին դասի ընտանիքների համար», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թրամփի շապիկների վաճառքի արշավը սկսվել է այն հաղորդագրությունների հիման վրա, որ նրա ընտրական հիմնադրամում ընդամենը 1,3 մլն դոլար է մնացել, մինչդեռ Քլինթոնը ավելի քան 42 մլն ունի: Ընդ որում, միլիարդատերն արդեն հայտնել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում շարունակել սեփական միջոցները ծախսել, եթե կողմնակիցների նվիրատվությունները չհերիքեն: