Արդեն մազոխիզմի հոտ է գալիս. ՀՀԿ-ական պատգամավորը՝ նոր ԸՕ-ի քննարկումների մասին
ՔաղաքականԱյսօր ԱԺ արտահերթ նիստում նոր ԸՕ-ում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, ով նախ՝ խոսեց ԵՄ կազմից դուրս գալու` Մեծ Բրիտանիայի հանրաքվեի մասին` ասելով, որ այդ հանրաքվեի արդյունքներն անմիջական կապ ունեն հայ ժողովրդի հետ այն առումով, որ դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դրսևորում է` դուրս գալ այն միությունից, որի անդամ է:
Անցում կատարելով ԸՕ-ին՝ ասաց, որ իրականում քննարկելու բան էլ չի մնացել, բայց պարզվում է, որ դեռ դժգոհություններ կան: «Արդեն մազոխիզմի հոտ է գալիս: Էլ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որովհետև բոլոր պահանջներն ընդունել է: Իսկ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը կբարձրանա միայն մեկ դեպքում, երբ ընդդիմադիր որևէ ուժ գա իշխանության, բայց դա կլինի այն դեպքում, եթե տվյալ ընդդիմադիր ուժն ունենա կառավարող ուժին հավասար ռեսուրսներ՝ մարդկային, կազմակերպչական, ֆինանսական, մեդիա և այլն: Եվ եթե այդ հավասար ռեսուրսները չունի, ապա դրա մեղավորը կառավարող ուժը չէ, և ինչ էլ գրվի ԸՕ-ում, ընդդիմադիրները դժգոհ կլինեն: Շատ ներողություն, քիչ է մնում ընտրական հանձնաժողովի անդամների ներքնազգեստում արդեն տեսախցիկ տեղադրենք»,- ասաց պատգամավորը: