«4 – 1 = 3 – ժողովուրդ» բանաևձը պարզվում է շարունակաբար տրոհվելու հատկություն ունի, ընդ որում տրոհման միտումը շարունակական է ոչ միայն ընդհանուր բանաձևի, այլ առանձին-առանձին վերցրած՝ բանաձևի յուրաքանչյուր թվի դեպքում: Օրինակ 3-ը իր հերթին կարող է տրոհվել «58 – 26 = 32» սկզբունքով, և սա դեռ առաջին և նաև խոստումնալից տրոհումն է՝ շարունակելի լինելու մեծ հավանականությամբ:
Հիմա մաթեմատիկայից կտրուկ անցում անեմ բանասիրությանը և ամենապարզ ու ամենահամեստ ունակությունների տեր մարդկանց, այդ թվում՝ որոշ պատգամավորներին, հասկանալի լեզվով բացատրեմ, թե ինչ է սա նշանակում և ընդհանրապես ինչ է կատարվում: Ուրեմն, մեր հրաշագեղ ու հրաշափայլ եռյակը սկզբից հանրահավաք էր արել Գագիկ Ծառուկյանի սիրելի քաղաքում՝ միաժամանակ ստեղծելով ավտոբուսի վարորդների լրացուցիչ աշխատատեղեր (օգտակարը համատեղելով հաճելիի հետ): Առաջին անգամ քիչ մարդ չէր հավաքվել, հետո արդեն անցան մյուս քաղաքների, և մասնակիցներն էլ գնալով քչացան, իսկ կազմակերպիչներից ոմանք էլ նույնիսկ տեսադաշտից դուրս հայտնվեցին՝ հասկանալի պատճառներով (հայհոյելն, ամեն դեպքում, էներգատար գործընթաց է, և դրանից հետո որոշ ժամանակ հանգստանալ է պետք): Բայց քչանալու պրոցեսը այսքանով միայն չսահմանափակվեց, պարզվում է՝ մեր բազմաչարչար ընդդիմությունը քանակի նվազումներ է ունենում նաև Ազգային Ժողովում՝ պակասող պատգամավորների տեսքով: Օրինակ, սեպտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստին ներկա են եղել ոչ իշխանական 58 պատգամավորներից ընդամենը 32-ը: Իսկ թե ուր էին մնացածը՝ ա՛յ, դա լավ հարց է, բայց այդ հարցի պատասխանը ես չգիտեմ և վախենում եմ, որ նույնիսկ մարդկանց շրջաններ տեղափոխող ավտոբուսների վարորդները չեն իմանա, իսկ «Google» որոնողական համակարգում լավագույն դեպքում կարող ենք գտնել կորածների կենսագրականները և նրանց մասին հոդվածներ, բայց ոչ նրանց:
Ինչևէ, մոլորակը փոքր է, կգտնվեն, բայց ես մի այլ մտավախություն ունեմ՝ եթե այս տեմպերով նվազեն, բա որ 32-ն ի վերջո դառնա 0՞, հետո էլ ինչպե՞ս է նվազելու: Չէ՞ որ 0-ից ցածր թիվ գոյություն չունի: Եվ ևս մի տանջող հարց՝ ի՞նչ ենք անելու այդժամ առանց ընդդիմության... Չնայած մյուս կողմից՝ կարող է առանձնապես տարբերություն չզգանք էլ:
Կարեն ՎարդանյանOrer.am, վերլուծաբան