Մինսկը ոչ մեկին թույլ չի տա ապակայունացնել երկրում իրավիճակը. Լուկաշենկո
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը կշարունակի ամրապնդել իր բանակը և ոչ մեկին թույլ չի տա ապակայունացնել երկրում իրավիճակը և խախտել դրա ամբողջականությունը, գրում է РИА Новости-ն:
«Ցավոք, այսօր միջազգային հարաբերությունների զինանոցում հիմնական փաստարկներից մեկը շարունակում է մնալ զինված ուժը: Նշանակում է, որ ցանկացած պետություն, որի ժողովրդի համար թանկ է իր երկրի ամբողջականությունը և անկախությունը, պետք է կարողանա պաշտպանել իրեն: Այդ պատճառով Բելառուսում կշարունակվի բանակի ամրապնդումը՝ զինելով ամենաժամանակակից զինատեսակներով և տեխնիկայով»,- ասել է Լուկաշենկոն կիրակի օրը Մինսկում Բելառուսի անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ:
«Անընդհատ կատարելագործվում է Զինված ուժերի մարտական պատրաստվածությունը, պարբերաբար անց են կացվում պաշտպանության ուժերի զորավարժություններ: Բելառուսի յուրաքանչյուր բնակիչ կարող է վստահ լինել, որ ոչ մեկին թույլ չի տրվի ապակայունացնել իրավիճակը, խախտել երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է նախագահը: