Դոմինիկ դը Բյումանը հույս ունի, որ Ցեղասպանության հարցում Թուրքիան կունենա ավելի պատասխանատու իշխանություններ
ՄիջազգայինՇվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը կարծում է, որ Գերմանիան Հայոց ցեղասպանության ճանաչման քայլով կատարեց իր պարտականությունը պատմության նկատմամբ:
«Գերմանիան այսպես ցուցաբերեց շատ պարզ վերաբերմունք՝ հանրային անկեղծություն, որը մղում է իրեն լինել զորակցող բոլոր ժողովուրդներին, որոնք ցեղասպանությունից տուժել են: Այստեղ ոչ թե աջի կամ ձախի խնդիրն է, այլ իրողությունն ընդունելու: Կարծում եմ՝ Գերմանիայի որոշումը պետք է արագացնի ցեղասպանության միջազգային ճանաչումը աշխարհով մեկ: Հուսով եմ՝ Թուրքիան կկարողանա ընդունել, որ ինքն անձամբ արել է այդ քայլը, որպեսզի կարողանանք էջը շրջել ու անցնել առաջ: Սա է, ըստ իս, Գերմանիայի այդ քայլի բուն իմաստը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց խորհրդարանի փոխնախագահը:
Նա զարմանալի չի համարում Թուրքիայի վերաբերմունքը, քանի որ այն մշտապես նույն կերպ է վարվում, երբ որեւէ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
«Դա նորություն չէ, քանի որ Թուրքիան ամեն անգամ ուժեղ բղավում է, դեսպանին հետ է կանչում, եւ այդպես ոչ ոքի այլեւս չի զարմացնում: Նրա այժմյան վերաբերմունքը, հատկապես փախստականների հետ կապված խնդրով շատնաժ անելը, սպառնալը, որ չի կատարի իր խոստումները, կարծում եմ, ոչ մի կերպ չեն ծառայում Թուրքիայի օգտին, այլ ավելի են ստվեր գցում համբավի վրա: Հուսով եմ՝ այնուամենայնիվ, Թուրքիան այնպիսի իշխանություն կունենա, որն ավելի պատասխանատու կլինի այս մեկից»,-եզրափակեց Դոմինիկ դը Բյումանը:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը կրող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինչից հետո Թուրքիան առաջին քայլով հետ կանչեց Գերմանիայում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին, ապա մեղադրանքներ հնչեցրեց Բունդեսթագի թուրքական արմատներ ունեցող պատգամավորների նկատմամբ, ինչը բողոքի լայն ալիք բարձրացրեց Բունդեսթագի ներսում ընդդեմ Թուրքիայի, ընդհուպ մինչեւ Բունդեսթագի նախագահ ՆորբերÕ © Լամերթի՝ Էրդողանին ուղղված հայտարարությունը. «Առանձին պատգամավորների վրա սպառնալիքների միջոցով ճնշում գործադրել նշանակում է հարձակվել ողջ խորհրդարանի վրա»: