ԱՄՆ ՌՕՈւ-երը իրենց դաշնակիցներին լքել են Սիրիայում մարտի ժամանակ
ՄիջազգայինԱՄՆ ՌՕՈւ-երը իրենց դաշնակիցներին լքել են Սիրիայում մարտի կրիտիկական պահն, ինչն էլ հենց գործողության ձախողման պատճառ է դարձել, հայտնում է The Washington Post–ը:
Թերթի աղբյուրները պատմել են, որ հունիսի 28-ին ամերիկյան օդաչուները հանձնարարություն են ստացել ապահովել սիրիական ընդդիմության ուժերի պաշտպանությունն օդից՝ Սիրիայի արեւելյան Աբու Քեմալ քաղաքի վրա նրանց հարձակման համար: Գործողության ամենաթեժ պահին օդաչուներին կարգադրել են հեռանալ այդ տարածքից ու ուղեւորվել հարեւան Իրաքի Էլ Ֆաալուջա քաղաքի ծայրամաս:
Պենտագոնի ներկայացուցիչ Քրիս Հարվերի խոսքով հրամանատարությունը ավելի կարեւոր է համարել ոչնչացնել ԻՊ զինյալների շարասյունը, որոնց նախօրեին տեխնիկայի հետ միասին դուրս էին մղել Էլ Ֆալուջայից:
Աբու Քեմալի մոտ Սիրիական ազատ բանակի մարտիկները ստիպված էին նահանջել:
Թերթը գրում է, որ գործողության ձախողումը ուժեղ հարված էր ԱՄՆ ծրագրերին՝ տարածաշրջանում ստեղծել տեղական ստորաբաժանումներ, որոնք ունակ կլինեն դիմակայել իսլամիստներին: Պարբերականը նաեւ հարց է բարձրացնում՝ արդյոք Նահանգները բավականաչափ ուժեր է կուտակել, եթե մշտապես ստիպված է զորքերը մի վայրից մյուսը տեղաափոխել՝ այն էլ հսկայական հեռավորությունների վրա:
66 երկրներից բաղկացած կոալիցիան՝ ԱՄՆ ղեկավարությամբ 2014-ից սկսած ռմբակոծում է ԻՊ դիրքերը: Սիրիայում գործողությունն անցկացվում է առանց երկրի իշխանությունների թույլատվության: